Շուշանիկ Թամրազյան - Բնապատկերի կյանքը Իվան Բունինի արձակում. աքսորն ու տարաշխարհիկը Կովկաս պատմվածքի հայերեն և ֆրանսերեն թարգմանություններում
Լեզուն՝
Հայերեն
Իվան Բունինի արձակն աչքի է ընկնում բնապատկերների բացառիկ վարպետությամբ: «Կովկաս» պատմվածքում բնապատկերը դառնում է հերոսների ներքին դրամայի բեմականացումը, պարբերաբար խոսում է կերպարների փոխարեն: Բունինյան Կովկասն օժտված է խոր երկակիությամբ. այն դրախտ է և ինքնակամ աքսոր, Եդեմական պարտեզ, բայց և գիշերային անտառի «գերեզմանային», դարանած ներկայություն: Ինքնատիպ բնապատկերների շնորհիվ՝ Իվան Բունինը ստեղծում է տարաշխարհիկի իր պոետիկան: Զուգադրելով պատմվածքի հայերեն և ֆրանսերեն թարգմանությունները՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ինչ ոճական հնարքների շնորհիվ է բնության պարզ նկարագրությունը վերածվում արվեստագետի եզակի կտավի, ինչպես են ինքնատիպ շարահյուսական կառույցները դառնում կովկասյան բնապատկերի ռիթմն ու մեղեդին: Հոդվածը խորհրդածություն է եզակիության առարկայական նշանների և դրանց վերստեղծման բազմաբարդ գործընթացի մասին թարգմանական արարում: Հետևելով հայ և ֆրանսիացի թարգմանիչների լուծումներին՝ այն ցույց է տալիս՝ ինչ ոճական և բովանդակային հետևանքներ կարող են ունենալ գեղարվեստական պատկերի սրբագրումները և շարահյուսական միջամտությունները թարգմանական գործընթացում:
Բանալի բառերբնապատկեր հիպոտիպոզ աքսոր դրախտ գեղարվեստական համարժեքություն գեղարվեստական պատկերի պարզաբանում շարահյուսական միջամտություն
Շուշանիկ Թամրազյան - ՀՅՈՒԳՈՅԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ԳԻՆՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ «ԼՈՒԿՐԵՑԻԱ ԲՈՐՋԻԱՅԻ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒՄ II/I/5,6
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը նվիրված է շեքսպիրյան ժառանգության դրսևորումներին Հյուգոյի թատերգության մեջ, մասնավորապես՝ «Լուկրեցիա Բորջիայում», որտեղ առանձնահատուկ դեր է վերապահված գինուն՝ ամենախորքային իր երկակիությամբ: Քննելով շեքսպիրյան ժառանգության առանձին դրսևորումները պիեսի կերպարաստեղծման սկզբունքներում և բովանդակային հարցադրումներում ինչպես, օրինակ, վրեժի հետևողական արժեզրկման հարցը՝ օժտված բեմական առավելագույն արդյունավետությամբ՝ ուսումնասիրությունը մասնավորապես անդրադառնում է գինու փորձության հանգուցային դրվագին «Լուկրեցիա Բորջիայի» երկրորդ արարի հինգերորդ և վեցերորդ տեսարաններում՝ համադրելով այն մեկ այլ՝ շեքսպիրյան գինու փորձության տեսարանի հետ: Այս առանցքային դրվագը, որտեղ Լուկրեցիան սպանում, ապա հարություն է տալիս իր որդուն, առնչությունների ուրույն եզր է գծում կանացի երկու կերպարների՝ Գերտրուդի ու Լուկրեցիայի միջև. երկու մայր՝ կանգնած իրենց զավակների առջև, որոնց պետք է փրկեն գինու ծուղակից: Երկու դեպքում էլ՝ թե՛ «Համլետի» վերջին արարվածի երկրորդ տեսարանում, թե՛ «Լուկրեցիա Բորջիայի» երկրորդ արարվածի հինգերորդ և վեցերորդ տեսարաններում, գինու բեմականացված ծուղակում հայտնված զավակի ֆիզիկական փրկությունը կանացի կերպարի համար վերածվում է յուրօրինակ ներքին, բարոյական փորձության, որով, ի վերջո, հեղինակը, հավատարիմ մարդակենտրոն ավանդույթին, փրկում է հենց իր՝ մոր կերպարը հանդիսատեսի հայացքում:
Բանալի բառերԲանալի բառեր. շեքսպիրյան ժառանգություն կլասիցիզմ ռոմանտիզմ դրամա կերպարաստեղծման մարդակենտրոն սկզբունք գինու փորձություն վերընթերցում:
