Ուղեցույց հեղինակների համար
Հոդվածների նախնական ընդունման պայմաններն են.
ա) համապատասխանություն հանդեսի ձևաչափին և գիտական ուղղվածությանը,
բ) այլ տեղ հրատարակված չլինելը,
գ) գիտական համապատասխան ապարատի առկայությունը (գրականության ցանկում առնվազն 15 աղբյուր),
դ) հստակ կառուցվածք (ներածական մաս, բովանդակություն, եզրակացություն, գրականության ցանկ, ամփոփագիր երեք լեզուներով),
ե) համապատասխանություն ստորև բերված տեխնիկական պահանջներին,
զ) ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն հոդվածներ։
Տեխնիկական պահանջներ
ա) Հոդվածի վերևի աջ կողմում շեղատառ (Italic), 12 տառաչափով նշվում են հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատանքի վայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, ORCID ID-ն: Հիշյալ տվյալները տրվում են նախ այն լեզվով, որով բուն հոդվածն է, ապա մյուս լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն):
բ) Վերնագիրը՝ մեծատառերով, մգեցված (Bold), տառաչափը՝ 12,
գ) Հիմնական տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, տառաչափը՝ 12, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman, տառաչափը՝ 12, տողատակի տառաչափը՝ 10, տողամիջյան հեռավորությունը՝ 1.15:
դ) Ծավալը՝ 5000-7000 բառ (25-30 էջանոց հոդվածներն ընդունվում են խմբագրական խորհրդի որոշմամբ): Գրախոսությունների ծավալը՝ 1500-2000 բառ:
ե) Հոդվածի վերնագրից հետո գրվում են բանալի բառերը (5-7 բանալի բառ)՝ շեղատառ (Italic) և ամփոփումը։ Դրանք գրվում են նախ այն լեզվով, որով բուն հոդվածն է, ապա մյուս լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն):
զ) Գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել առանձին ֆայլերով (JPEG կամ TIFF)` անվանված որպես հաջորդական միավորներ (նկ./աղ. 1, 2, 3…)` ոչ պակաս, քան 300 DPI (լուսանկարները) և 600 DPI (գծանկարները) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ, փակագծերում:
է) Հղումներն արվում են տեքստի մեջ։ Ուղղակի կամ անուղղակի մեջբերումից հետո փակագծում նշվում է հեղինակի (հեղինակների) ազգանունը, հրատարակման տարեթիվը և էջը:
Օրինակ՝ (Հովհաննիսյան, 2019: 214)
Նույն հեղինակի կողմից նույն թվականին գրված երկու կամ ավելի աղբյուրի մեջբերման պարագայում կատարվում է համարակալում:
Օրինակ՝ (Հովհաննիսյան ա, 2019: 214)
Նույն ազգանունն ունեցող երկու հեղինակներից մեջբերման պարագայում նշվում է նաև անվան առաջին տառը:
Օրինակ՝ (Հովհաննիսյան Ս., 2019: 214)
ը) Բուն տեքստից հետո տրվում է գրականության ցանկը, որտեղ ըստ այբբենական հաջորդականության ներկայացվում են այն աղբյուրները, որոնցից կատարվել են մեջբերումներ:
Գրքեր
Հեղինակի ազգանուն, անվան առաջին տառ (մգացված (Bold)), գրքի վերնագիր, հատոր, հրատարակության վայր, հրատարակչություն, թվական, էջերի ընդհանուր քանակ:
Օրինակ՝ Հովհաննիսյան Ս., Հովհաննես Թումանյանը մանկագրության խաչմերուկում, Երևան, Մետրո հրատ., 2018, 334 էջ:
Ամսագրեր
Հեղինակի ազգանուն, անվան առաջին տառ (մգեցված (Bold)), հոդվածի վերնագիր, հանդեսի անվանում, հրատարակության վայր, թվական, համար, էջեր։
Օրինակ՝ Քալանթարյան Ժ., Նոր ազդակ թումանյանագիտության զարգացման համար, Գրականագիտական հանդես, 2020, թիվ 1, էջ 240-265:
Գրքի գլուխներ կամ գիտաժողովի նյութեր
Հեղինակի ազգանուն, անվան առաջին տառ (մգացված (Bold)), գլխի կամ հոդվածի վերնագիր, գրքի անուն, հրատարակության վայր, հրատարակչություն, թվական, էջեր։
Օրինակ՝ Սարինյան Ս., Հակոբ Պարոնյան, Հայ վեպի պատմություն (19-րդ դար), Երևան, Գիտություն հրատ., 2005, էջ 215։
Համացանցային հղումներ
Դրանք ընդունվում են միայն այն դեպքում, երբ բերվում են պաշտոնական կայքերից։ Նշվում են հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը (մգացված (Bold)), նյութի վերնագիրը, հղումը և վերջում փակագծում նյութը դիտելու ամսաթիվը։
Օրինակ՝ Ավետիսյան Ս., Կենաց ծառը՝ որպես գաղտնագրված տիեզերք, https://granish.org/kenac-tsary/ (մուտք՝ 20․10․2022)։
թ) Գրականության ցանկին պետք է հաջորդի REFERENCES բաժինը, որում պետք է նշվեն նույն աղբյուրները։ Հայերեն և ռուսերեն աղբյուրները գրվում են լատինատառ տառադարձությամբ։ Տառադարձությունից բացի տրվում են նաև վերնագրերի անգլերեն թարգմանությունները։ Ցանկը տրվում է այբբենական հաջորդականությամբ։
Hovhannisyan S., Hovhannes Tumanyany mankagrut’yan khachmerukum [Hovhannes Tumanyan in the crossroad of Children’s LiteratureVaspurakani], Yerevan, Metro hrat., 2018, 334 p.
ժ) Հոդվածի վերջում երեք լեզուներով և շեղատառ (Italic) պետք է տեղեկություններ ներկայացվեն հեղինակների մասին (գիտական աստիճան, կոչում, աշխատանքի վայր, հետաքրքրությունների շրջանակ, տպագրված հոդվածների քանակ):
ժա) Աշխատանքի ներածություն բաժնում պետք է ներկայացված լինեն ուսումնասիրության խնդիրը, դրա արդիականությունը, գիտական նորույթը և նյութի մշակվածության աստիճանը։
ժբ) Հայերեն ամփոփումները պետք է լինեն մինչև 200 բառ, ռուսերեն և անգլերեն ամփոփումները՝ մինչև 250 բառ, դրանք պետք է համընկնեն տեքստի բովանդակությանը և հակիրճ ներկայացնեն ընդհանուր բովանդակությունը։
ժգ) Անհրաժեշտ է թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը, հոդվածի վերնագիրը և բանալի բառերը: Ամփոփումների ու բանալի բառերի տառաչափը 12 է:
Հոդվածը հարկավոր է ուղարկել կայքի միջոցով՝ նախապես գրանցվելով և ներբեռնելով այն կայքում https://litjour.sci.am/index.php/lj/user/register։
