Պատմություն

Հայ պարբերական մամուլի պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գրականագիտական հանդես»-ն (ԳՀ) իր ուրույն տեղն ունի: Արդեն երկու տասնամյակ անցնելով գիտահետազոտական, գիտակազմակերպչական և գիտահրատարակչական բարդ ու դժվարին ուղի՝ պարբերականը հաջողությամբ իրականացրել է իր առջև դրված  խնդիրները:

Հանդեսը հիմնադրվել և պարբերաբար լույս է տեսնում  2004 թվականից: Մինչև օրս հրատարակվել է հանդեսի քսանինը համար: Ընդ որում, առաջին երկու տարում հրատարակվել է տարեկան չորս, 2009-ից` տարեկան երկու, իսկ 2012-2016 թվականներին՝ միացյալ երկու համարներ, այնուհետև, 2017-2018 թվականներից սկսած՝ տարեկան երկու համար պարբերականությամբ:

Հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմի մեջ տարբեր տարիներին ընդգրկվել են հայտնի գրականագետներ Ա. Գրիգորյանը, Ավ. Իսահակյանը, Հ. Էդոյանը, Ա. Դոլուխանյանը, Վ. Գաբրիելյանը, Ս. Սարինյանը և այլք:

2004-2009 թվականներին  հանդեսի գլխավոր խմբագիրը եղել է բ․ գ․ դ․ Ազատ Եղիազարյանը, տեղակալ՝ բ․ գ․ դ․ Գրիգոր Հակոբյանը։

2009-2010 թվականներին հանդեսը խմբագրել է բ․ գ․ դ․ Նորայր Ադալյանը, տեղակալ՝  բ․ գ․ թ․ Սուրեն Աբրահամյանը։

 Հետագա տարիներին հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմը համալրվել է  նոր անդամներով: 2010 թ.-ից հանդեսի գլխավոր խմբագիր է ընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը, խմբագրական խորհրդի նախագահ՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

Հանդեսի առաջին համարից ձևավորված և տարիներ ի վեր պահպանված բովանդակային կառուցվածքը` «Գրականության պատմություն և տեսություն», «Քննադատության տեսություն», «Արտասահմանյան գրականության պատմություն և տեսություն», «Բանասիրական», «Գեղագիտական», «Մշակութաբանական», «Գրախոսություն», «Մեր հոբելյարները», մշտապես ենթարկվել է որոշ լրացումների ու ճշգրտումների:

 Հանդեսում նյութերը հրատարակվել են եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ ունենալով համապատասխան ամփոփումներ, ինչի շնորհիվ այդ նյութերի ընդհանուր բովանդակությունը մատչելի է դարձել օտարալեզու ընթերցողներին: 100-ից 300 տպաքանակով եռալեզու պարբերականը հիմնադրման օրից տարածվել է բուհերի մասնագիտական ամբիոններում, գրադարաններում:

Այսօր թեև նվազել է հանդեսի տպաքանակը (100-150 օրինակ), սակայն, ինչպես և անցյալում, հասնում է իր ընթերցողներին և հետազոտողներին:

 Հանդեսի էջերում հայ և այլազգի մասնագետների կողմից հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվում են գրականագիտական, մշակութաբանական և գեղագիտական, քննադատական և տեսական հոդվածներ, որոնք վերաբերում են հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների գրականության պատմությանը, լեզվին,  Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանում կատարված գիտական ու մշակութային կարևոր իրադարձություններին, հայագիտական հրատարակություններին:

Հանդեսը համակողմանիորեն լուսաբանում է  հայ և համաշխարհային գրական և պատմամշակութային կյանքը:

Այս ամենը զուգակցվել է տարբեր երկրների ու ժողովուրդների հետ ունեցած փոխառնչություններով և կապերով: Հանդեսը ծանրակշիռ ներդրում ունի արդի հայ գրականագիտության, գրականության պատմության և քննադատական ուսումնասիրությունների ասպարեզում:

Ընդհանուր գրականագիտական և պատմաբանասիրական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները մշտապես գտնվել և գտնվում են հանդեսի ուշադրության կենտրոնում, որով առավել ընդլայնվել է նրա գիտական տեսադաշտը` այն դարձնելով լայն ընդգրկումների պարբերական:

Այս տեսակետից դարձյալ հարուստ են հրապարակումների, գրախոսությունների և գիտական տեղեկատվության բաժինները, որտեղ պարբերաբար հրատարակվում են գրական ականավոր դեմքերի անտիպ նամակներ,  արխիվային տարբեր բնույթի վավերագրեր,  հայագիտական և ընդհանուր մշակութաբանական արժեք ներկայացնող կարևոր հրատարակությունների մասին գրախոսականներ:

Միանշանակ կարելի է արձանագրել, որ հանդեսում տպագրված նյութերն առանձնանում են  գրականագիտական հարուստ ու բազմաշերտ հենքով: Պարբերականում հանդես են եկել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գրեթե բոլոր հայ անվանի գրականագետները:

Հեղինակների նման լայն ընդգրկումը մի կողմից վկայում է հանդեսի ճանաչման, մյուս կողմից` նրա գիտական բարձր վարկի ու հեղինակության մասին: Ի մի բերելով «Գրականագիտական հանդես»-ի անցած ավելի քան երկու տասնամյակների գործունեությունը` կարելի է վստահաբար արձանագրել. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հրատարակած այս պարբերականն իր շուրջն է համախմբել Հայաստանի և արտերկրի գիտնականների, արդյունավետ աշխատանք է կատարել և կատարում իր ծրագրային նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար:

Հերիքնազ Որսկանյան, բ. գ. թ․
«Գրականագիտական հանդես»-ի խմբագրական խորհրդի նախագահ

Սուրեն Աբրահամյան, բ. գ. դ., պրոֆեսոր
«Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր                                                                                         

Լուսինե Վարդանյան, բ. գ. թ.
«Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ