Պատմություն

Հայ պարբերական մամուլի  պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գրականագիտական հանդես»-ն (ԳՀ) իր ուրույն տեղն ունի: Արդեն երկու տասնամյակ անցնելով գիտահետազոտական, գիտակազմակերպչական և գիտահրատարակչական բարդ ու դժվարին ուղի՝ պարբերականը հաջողությամբ իրականացրել է իր առջև դրված  խնդիրները:

Հանդեսը հիմնադրվել և պարբերաբար լույս է տեսնում  2004 թ.-ից: Մինչև օրս հրապարակվել է հանդեսի քսանչորս համար: Ընդ որում, հրապարակման առաջին երկու տարում հրապարակվել է տարեկան չորս, 2009-ից` տարեկան երկու, իսկ 2012-2016 թթ.- երին՝ միացյալ երկու համարներ, այնուհետև, 2017-2018 թթ.- երից սկսած՝ տարեկան երկու համար պարբերականությամբ:  Հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմի մեջ, տարբեր տարիներին, ընդգրկվել են հայտնի գրականագետներ  Ա. Գրիգորյանը, Ավ. Իսահակյանը, Հ. Էդոյանը, Ա. Դոլուխանյանը, Վ. Գաբրիելյանը, Ս. Սարինյանը և այլք:  Հետագա տարիներին հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմը համալրվել է  նոր անդամներով: 2010 թ.-ից հանդեսի գլխավոր խմբագիր է ընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը, խմբագրական խորհրդի նախագահ՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Հանդեսի առաջին համարից ձևավորված և տարիներ ի վեր պահպանված բովանդակային կառուցվածքը` բաժիններն ու ենթաբաժինները («Գրականության պատմություն և տեսություն», «Քննադատության տեսություն», «Արտասահմանյան գրականության պատմություն և տեսություն», «Բանասիրական», «Գեղագիտական», «Մշակութաբանական», «Գրախոսություն», «Մեր հոբելյարները»), մշտապես ենթարկվել է որոշ լրացումների ու ճշգրտումների: Պարբերականում նյութերը հրատարակվել են հայերեն և ռուսերեն` համապատասխան լեզուներով ամփոփումներով: Հետագայում դրանց կցվել են անգլերեն ամփոփումներ, որի շնորհիվ այդ նյութերի ընդհանուր բովանդակությունը մատչելի է դարձել օտարալեզու ընթերցողներին: 300 տպաքանակով երկլեզու պարբերականը հիմնադրման օրից տարածվել է բուհերի մասնագիտական ամբիոններում, գրադարաններում: Այսօր թեև նվազել է հանդեսի տպաքանակը (150-200 օրինակ), սակայն, ինչպես և անցյալում, հասնում է իր ընթերցողներին և հետազոտողներին: Հանդեսի էջերում հայ և այլազգի մասնագետների կողմից հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվում են գրականագիտական, մշակութաբանական և գեղագիտական, քննադատական և տեսական հոդվածներ, որոնք վերաբերում են հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների գրականության պատմությանը, լեզվին,  Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանում կատարված գիտական ու մշակութային կարևոր իրադարձություններին, հայագիտական հրատարակություններին: Հանդեը համակողմանիորեն լուսաբանում է նաև հայկական գաղթավայրերի պատմամշակութային կյանքը: Այս ամենը զուգակցվել է տարբեր երկրների ու ժողովուրդների հետ ունեցած փոխառնչություններով և կապերով: Հանդեսը ծանրակշիռ ներդրում ունի արդի հայ գրականագիտության, գրականության պատմության և քննադատական ուսումնասիրությունների ասպարեզում: Ընդհանուր գրականագիտական և պատմաբանասիրական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները մշտապես գտնվել և գտնվում են հանդեսի ուշադրության կենտրոնում, որով առավել ընդլայնվել է նրա գիտական տեսադաշտը` այն դարձնելով լայն ընդգրկումների պարբերական: Այս տեսակետից դարձյալ հարուստ են հրապարակումների, գրախոսությունների և գիտական տեղեկատվության բաժինները, որտեղ պարբերաբար հրատարակվում են գրական ականավոր դեմքերի անտիպ նամակներ,  արխիվային տարբեր բնույթի վավերագրեր,  հայագիտական և ընդհանուր մշակութաբանական արժեք ներկայացնող կարևոր հրատարակությունների մասին գրախոսականներ: Միանշանակ կարելի է արձանագրել, որ հանդեսում տպագրված նյութերն առանձնանում են  գրականագիտական հարուստ ու բազմաշերտ հենքով: Պարբերականում հանդես են եկել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի գրեթե բոլոր հայ անվանի գրականագետները: Հեղինակների նման լայն ընդգրկումը մի կողմից վկայում է հանդեսի ճանաչման, մյուս կողմից` նրա գիտական բարձր վարկի ու հեղինակության մասին: Ի մի բերելով «Գրականագիտական հանդես»-ի անցած ավելի քան երկու տասնամյակների գործունեությունը` կարելի է վստահաբար արձանագրել. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտի կողմից հրատարակվող գրականագիտական այս պարբերականն իր շուրջն է համախմբել մայր հայրենիքի և արտասահմանյան գրականագետների, արդյունավետ աշխատանք է կատարել և կատարում իր ծրագրային նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար:

Վարդան Դևրիկյան, բ. գ. դ.
«Գրականագիտական հանդես»-ի խմբագրական խորհրդի նախագահ

Սուրեն Աբրահամյան, բ. գ. դ., պրոֆեսոր
«Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր

Աստղիկ Սողոյան, բ. գ. թ.
«Գրականագիտական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ