Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ՝ Էլյուար, Արագոն, Ապոլիներ, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածք։ Հայ բանաստեղծները, թեև ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով իրենց մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։
Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան ժամանակակից հայ գրականություն սեր հիշողություն երազ լեզվի ազատություն ավանգարդ բանաստեղծական համաձուլվածք
Մուշեղ Սարուխանյան - ԵՐԱԶՆ ԻԲՐԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ «ԱՅՐՎՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ» ՎԵՊՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում միջգիտական գրականագիտություն, հոգեբանություն առնչակցությունների տիրույթում, ժամանակային լայն ընդգրկմամբ խորհրդայինից մինչև օրերս անդրադարձ է կատարվում Գ․ Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում առատորեն տեղ գտած երազների սոցիալ-հոգեբանական, գեղագիտական ու գաղափարական շարժառիթներին։ Այս առումով էական կարևորություն է տրվել վեպում հաճախակի հանդիպող երազների վերաբերյալ տարբեր առիթներով տրված հեղինակային մեկնաբանություններին։ Փորձ է արվել հոգեբանական գիտության տեսանկյունից ևս ուսումնասիրել վեպում նկարագրված բազում երազների համոզչականությանը։ Զուգադրական վերլուծության արդյունքները հիմք են տվել պնդելու, որ բոլոր դեպքերում դրանք ներկայացվել են տեղին, գիտականորեն հիմնավորված են և վեպում ունեն գեղագիտական ու գաղափարական մեծ կշիռ։
Բանալի բառերերազ մղձավանջ տագնապ կանխազգացում տրամադրություն ապրում հոգեկան մահագիտություն հոգեվիճակ
Մարիամ Մելքոնյան - ՍԱԲԻՐ ՌՈՒՍԹԱՄԽԱՆԼԸՅԻ «ՎԵՐԱԴԱՐՁ ՂԱՐԱԲԱՂ» ՊՈԵՄՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿԵՐՊԱՐԻ ԱՊԱՄԱՐԴԿԱՅՆԱՑՄԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում քննության է առնվում ադրբեջանցի բանաստեղծ Սաբիր Ռուսթամխանլըյի ՝ 2020 թ. դեկտեմբերի 24-ին հրապարակված «Վերադարձ Ղարաբաղ» «Qarabağa dönüş» պոեմում հայերի կերպարի կառուցման առանձնահատկությունները։ Ուսումնասիրության նպատակը պոեմի այն լեզվական, փոխաբերական և սյուժետային միջոցների համակարգումն է, որոնց միջոցով ռազմական հակառակորդի պատկերը ընդլայնվում է մինչև էթնիկ ամբողջության և կրոնական հանրության ապամարդկայնացված կերպարի։ Կիրառվել են մոտ ընթերցման close reading, քննադատական դիսկուրսի վերլուծության և ընկալման մեթոդները։ Տեսական հենքը կազմել են հոգեբան, պրոֆեսոր Նիք Հասլամի կենդանական և մեխանիկական ապամարդկայնացման տարբերակումը, սոցիալական հոգեբան Սյուզան Օփոթոուի բարոյական բացառման, սոցիալական հոգեբան Ալբերտ Բանդուրայի բարոյական ինքնաազատման և լեզվաբան Թեուն վան Դեյքի «մենք/նրանք» գաղափարական բևեռացման մոտեցումները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ պոեմում գերակշռում են կենդանացումը, դիվայնացումը, հավաքական մեղավորության վերագրումը, մարդկային մարմնի կենդանականացման ու զանգվածայնացման բառապաշարը, հակառակորդի ձայնի ու անհատականության ջնջումը, ինչպես նաև տարածքի «աղտոտում–մաքրում» հակադրության պատկերային սխեման։ Այս մեխանիզմները կառուցվածքային ամբողջություն են կազմում ադրբեջանցի զինվորի սակրալ-հերոսական գերարժևորման հետ։ Հոդվածի առանձին արդյունքն այն է, որ հետպատերազմյան ադրբեջանական գրականագիտական, ակադեմիական արձագանքներից հիմնական մասը ոչ միայն չեն խնդրականացնում կամ քննադատում տվյալ լեզուն, այլև ավելին՝ այն վերարտադրում են «հայկական ազգային հիվանդություն», «հայկական բնույթ» և «մարդկությունից հեռու արարած» ոչ ակադեմիական ձևակերպումներով։
Բանալի բառերՍաբիր Ռուսթամխանլը Ղարաբաղյան պատերազմ հայերի կերպար ապամարդկայնացում թշնամու կերպար ադրբեջանական գրականություն քննադատական դիսկուրս
