Միհրան Հովհաննիսյան - ՄԻՋՏԵՔՍՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ Դ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ REQUIEM AETERNAM. ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՈՒԹԱՏՈՂԵՐՈՎ ՊՈԵՄՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հետմոդեռնիստական արվեստում տեքստակերտման առանցքային սկզբունքը կառուցալուծարումն դեկոնստրուկցիան է Ժ. Դերրիդայի եզրույթաբանությամբ, որը ենթադրում է գեղարվեստական լեզվի տարաբնույթ տարրերի ներթափանցումներ տարբեր մշակութային շերտեր։ Տեքստը դառնում է յուրահատուկ կառույց, որը պարունակում է բազմաթիվ այլ տեքստեր, իմաստապատկերներ, խորհրդանշական կամ արքետիպական պատկերներ և այլն։ Այսկերպ տարրալուծվում են տարբեր տեքստային տարածությունների սահմանները՝ ձևավորելով միջտեքստայնության ամբողջական համակարգ։ Վերակառուցարկային մոտեցումներում տեքստի իմաստի ամբողջացման խնդրում առանցքային են ընթերցողական ընկալումները։ Հեղինակի խնդիրն այս պարագայում երկրորդ պլան է անցնում. կարևորվում է ընթերցողի՝ ընկալողի դերը։ Գեղարվեստական ստեղծագործության իմաստային տարածության մեջ ամփոփված իմաստաբանական ընդհանրացումը թեև ըստ էության ենթադրվում է ընկալվող ստեղծագործության մեջ ներդրված հեղինակային մտադրություններից, այնուամենայնիվ կախված է նաև ընթերցողի ընկալողական-մեկնողական ներուժից, կրում է բարդ վերլուծական բնույթ։ Երբեմն տեքստի ընթերցողական մեկնություններն էապես տարբերվում են տեքստի փաստացի ու հասկացույթային տեղեկատվությունից։ Այդ տեղեկատվությունն առավել լայն պլանում ընթերցողական ընկալումներում առավել բարձր կարգավորվածության է հասնում։ Շատ հաճախ հենց այդ «տիրույթում» է հստակվում-ընդլայնվում գեղարվեստական իմաստը։Այն, որ միջտեքստայնությունը հետմոդեռնիստական գրականության մեջ տեքսակերտման միջոց է, պայմանավորված է նրանով, որ տեքստի կառուցվածքային ամբողջականությունն ապահովող հիմնական գաղափարի արտահայտման հիմքը մեջբերումներն են, ակնարկները, ռեմինիսցենցիաները։ Մեջբերումների ֆենոմենը հիմնարար նշանակություն ունի միջտեքստայնության հետմոդեռնիստական հասկացակարգում։ Հետմոդեռնիստական տեքստը «խճապատկերային» բնույթը ունի և կառուցվում է նախորդ տեքստերի այլատարր բեկորներից, այլ տեքստերի բաղադրամասերի նպատակադիր հարաբերվածությամբ։ Երբեմն նաև ստեղծագործությունն ամբողջությամբ կարող է կառուցված լինել մեջբերումներով կամ էլ ամբողջությամբ կրկնել այլ ստեղծագործություն, և այս ամենը հեղինակային անհատականացման կնիքով։
Բանալի բառերԲանալի բառեր՝ միջտեքստայնություն հետմոդեռնիզմ կառուցալուծում մեջբերում ընթերցողական ընկալում տեքստակերտում իմաստաբանություն:
