Լիլիթ Սեյրանյան - ՊԱՐԱԴՈՔՍԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում քննության առարկա է դառնում պարադոքսի գեղագիտությունը Աղասի Այվազյանի դրամատիկական երկերում: Քննաբանված պիեսների պատկերակառույցի հիմքում պարադոքսային դատողություններն են: Դրանք դիտարկվում են միջգիտակարգային չափումով՝ գրականագիտություն-փիլիսոփայություն տեսական անդրադարձներով, թեմատիկ-գաղափարական շեշտադրումներով, պարադոքսի՝ նաև քրոնոտոպային լուծումների տեսանումով: Արդի հայ դրամատուրգը պարադոքսային պատկերների է դիմում ազգային խնդրի և բնավորության, մարդու խնդրի, սիրո և սեռի, կյանքի ու մահվան առնչության թեմատիկ արծարծումներում: Պիեսների պարադոքսային պատկերներին բնորոշ են ստի և ճշմարտության, պարզի և բարդի, ձայնի և լռության ու հակադիր որակների այլ խաղարկումներ, ծայրահեղ վիճակների համատեղումը, նույնացումը և փոխատեղում-շրջումը, միևնույն երևույթի տարակերպ ընկալումները՝ դիտանկյան փոփոխությամբ պայմանավորված, սոփեստաբանություններն ու օքսյումորոնները:Գեղարվեստական պատկերի կառուցման նշված հնարներն են ընկած այվազյանական պարադոքսի գեղագիտության հիմքում, որը հոդվածում ընկալվում և գնահատվում է իբրև անցումային ժամանակների գրական մտածողությանը, մարդու և աշխարհի իմաստավորման փորձերին, հետմոդեռնիզմի գաղափարագեղագիտական համակարգին ներհատուկ երևույթ:Այվազյանի դրամատիկական երկերը պարադոքսի գեղագիտության դիտանկյունից համակարգային մոտեցումով ուսումնասիրվում են առաջին անգամ, ինչը դրանք նորովի արժևորելու հնարավորություն է ընձեռում: Հետմոդեռնիզմի գաղափարագեղագիտական համակարգի առանձին կողմերի դիտարկումը, նաև միջգիտակարգային նկարագիրը հոդվածի արդիականության հայտանիշներն են:
Բանալի բառերԱյվազյան պիեսներ պարադոքս գեղագիտություն միջգիտակարգային քրոնոտոպային հետմոդեռնիզմ
Լիլիթ Սեյրանյան - ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ» ԾԻՍԱԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՅՍՈՎ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում քննաբանվում են Աղասի Այվազյանի «Եռանկյունին» վիպակի և նրա սցենարով նկարահանված համանուն գեղարվեստական կինոնկարի ռեժիսոր՝ Հ. Մալյան եռանկյունի - կրակ - արև - հայր – Աստված – դարբին – գլուխ – ձեռք - աչք – գինի – երգ - ամուսնություն նշանային համակարգը՝ մի կողմից, Մկրտիչ-ներ - Հովհաննես անվանական զուգակցվող և հարակցվող նշանները՝ մյուս կողմից: Դրանց դիտարկումը հայ և համաշխարհային հնագույն ծիսաառասպելական պատկերացումների լույսով, միֆաքննադատության և կառուցվածքային-նշանագիտական մեթոդների համակցմամբ հնարավորություն է ընձեռել հասու դառնալու այվազյանական որոշ հնարավոր գաղտնագրումների: Նկատված, մեկնաբանված և իմաստավորված նշանները ծառայում են Այվազյանի գաղափարագեղագիտական ըմբռնումների պատկերավորմանը, որոնց առանցքում հայրության գաղափարի և ժառանգորդման կարևորության, նոր ժամանակներում նոր մարտահրավերներին ի տես՝ սերունդների երկխոսության և ազգային ավանդույթի պահպանման, միասնության ու միաբանության, նաև համամարդկային բարոյական արժեքների ամրապնդման շեշտադրումն է: Նոր դիտակետի ընտրության, արդիական մեթոդական համակցման շնորհիվ Այվազյանի խորհրդապատկերային համակարգի ենթաշերտային խորքի նոր ծավալներ են տեսանելի դարձել:
Բանալի բառեր«Եռանկյունի» Այվազյան դարբին ծիսաառասպելական կրակ արև Հովհաննես Մկրտիչ
