Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Մարիաննա Եփրեմյան - ՀԻԲՐԻԴ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ՄԵՆԴՈՍԱՅԻ «ՏԻԿՆԱՆՑ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻ ԱՐԿԱԾԸ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում փորձ է արվում վերլուծել ինքնության խնդիրը, որը ժամանակակակից փիլիսոփայության, սոցիոլոգիայի և գրականագիտության մեջ առանցքայիններից է։ Անհատականությունն ավելի հաճախ ընկալվում է որպես դինամիկորեն փոփոխվող, «ֆրագմենտացված» և անկայուն սուբյեկտ։ Այս համատեքստում գիտական շրջանառության մեջ է մտնում հիբրիդային ինքնության հասկացությունը, որը նկարագրում է մարդու գոյությունը սոցիալական, մշակութային և լեզվական հարթությունների հատման դաշտում։Դրա վառ օրինակ է Է.Մենդոսայի արձակը, որը միավորում է սոցիալական երգիծանքի, պատմավեպի, դետեկտիվի, պիկարոյական վեպի և ֆանտաստիկայի տարրեր՝ ձևավորելով պոստմոդեռնիստական իրականության բազմաշերտ պատկեր։ Սույն հետազոտության նպատակն է բացահայտել և նկարագրել հիբրիդային ինքնության ձևավորման հիմնական մեխանիզմները Է.Մենդոսայի «Տիկնանց վարսահարդարի արկածը» վեպում, ինչպես նաև սահմանել տվյալ ինքնության դերը վիպական պատումի կազմակերպման, կերպարային համա¬կարգի ձևավորման և սյուժետային դինամիկայի մեջ։Հիբրիդային ինքնության ֆենոմենը, որպես ինքնուրույն և համակարգային օբյեկտ համալիր տեսական և նարատոլոգիական հետազոտության համար, մինչ օրս մնում է քիչ ուսումնասիրված։

    Բանալի բառերԲանալի բառեր - Էդուարդո Մենդոսա հիբրիդային ինքնություն պոստմոդեռ¬նիստական վեպ դետեկտիվ պարոդիա գրոտեսկ «ֆրագմենտացված» սուբյեկտ։


  • Ռուզաննա Արիստակեսյան - Կոստան Զարյանը խորհրդահայ մամուլի էջերում 1922-1923 թվականներ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում առաջին անգամ համադրված և ամբողջական քննության են ենթարկվում 1922-1923 թվականներին խորհրդահայ մամուլում տեղ գտած Զարյանի հրապարակումներն արվեստի, գրականության, մասնավորապես թատրոնի մասին՝ որպես գեղագիտական միասնական համակարգի կոնկրետ դրսևորումներ։ Միաժամանակ ներկայացվում են նրա գործունեությանն ու ստեղծագործական մտածողությանը վերաբերող տարբեր անդրադարձներն ու հաղորդումները: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել այս շրջանում Զարյանի գաղափարական-գեղագիտական հայեցակարգի հիմնական առանձնահատկությունները, «համայնատրոփ» ազգային թատրոնի ստեղծման և զարգացման վերաբերյալ նրա մոտեցումները,ներկայացնել եվրոպական մշակութային փորձառության մասնավորապես Վերհառնի ազդեցության առանձին դրվագներ, ինչպես նաև պարզել 1922-1923 թվականներին Զարյանի նկատմամբ խորհրդահայ գրական միջավայրում դրսևորված վերաբերմունքի առանձնահատկությունները։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են պատմահամեմատական, պատմամշակութային և համադրական վերլուծության մեթոդները, որոնք հնարավորություն են տվել Զարյանի գաղափարները դիտարկել ինչպես ժամանակի հասարակական-մշակութային համատեքստում, այնպես էլ նրա ամբողջական ստեղծագործական ուղու շրջանակում։

    Բանալի բառերԿոստան Զարյան Էմիլ Վերհառն «համայնատրոփ թատրոն» «Բարձրավանք» «Պայքար» գեղագիտական նոր պահանջներ ազգային ինքնություն


  • Նառա Սարգսյան - ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԵՎ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը նվիրված է Սիամանթոյի և Վահան Տերյանի ստեղծագործությունների համադրական ուսումնասիրությանը՝ ազգային ճակատագրի, պատմական հիշողության, հոգևոր հայրենիքի և ազգային ինքնության թեմաների տեսանկյունից։ Վերլուծվում են երկու բանաստեղծների գեղարվեստական աշխարհների ընդհանրություններն ու տարբերությունները, բացահայտվում է նրանց գաղափարական հարազատությունը ազգային ողբերգության և հոգևոր դիմադրության ընկալման հարցում։ Ցույց է տրվում, որ Սիամանթոն ազգային ճակատագիրը պատկերում է հերոսական - ողբերգական տեսանկյունից՝ շեշտադրելով պայքարի, հավաքականության և վերածնության գաղափարները, մինչդեռ Տերյանը նույն խնդիրը ներկայացնում է ներաշխարհի, հիշողության և հոգևոր փորձառության հարթության վրա։ Ուսումնասիրությունը փաստում է, որ երկու հեղինակների ստեղծագործություններում հայրենիքը վերածվում է ոչ միայն աշխարհագրական, այլև հոգևոր և մշակութային տարածքի, իսկ ազգային ողբերգությունը ձեռք է բերում համամարդկային հնչեղություն։

    Բանալի բառերՍիամանթո Վահան Տերյան Երկիր Նաիրի ազգային ճակատագիր ինքնություն պատմական հայրենիք հոգևոր հայրենիք դիմադրություն վերածնություն: