Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Կարոլինա Խաչատրյան - ՖԼԱՆՅՈՐԸ ՊՈԼՍՈՒՄ. ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԻ ԺԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊՏՈՒՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը նվիրված է Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ակնարկաշարի մեկնաբանությանը՝ այն դիտարկելով որպես ֆիզիոլոգիական ակնարկի յուրահատուկ տեղայնացում և ֆլանյորի կերպարի իրականացում արևմտահայ քաղաքային միջավայրում։ Հենվելով XIX դարի ֆրանսիական ֆիզիոլոգիական ակնարկի ժանրային ավանդույթի և Վալտեր Բենիամինի տեսության վրա՝ հոդվածը դիտարկում է պարոնյանական ֆլանյորին ոչ միայն որպես թեմատիկ կերպար, այլև որպես ժանրաստեղծ կատեգորիա, որը ձևավորում է դիտարկման, ընթերցման և գրային արտադրության ամբողջ համակարգը։Վերլուծությունը ցույց է տալիս, որ Պարոնյանի ֆլանյորը կառուցվածքային առումով համադրելի է ֆրանսիական մոդելի հետ՝ դրսևորելով դիտորդական հայացք, սոցիալական տիպաբանություն և քաղաքային տարածքի դիմագիտական ընթերցում։ Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրության բազմազգ և քաղաքականապես լարված համատեքստում ֆլանյորի դիտորդական հայացքը ձեռք է բերում նաև հասարակական քննադատության և ազգային ինքնագիտակցության արթնացման գործառույթ, ինչը պայմանավորում է դրա տարբերակիչ առանձնահատկությունը եվրոպական մոդելներից։

    Բանալի բառերՀակոբ Պարոնյան ֆիզիոլոգիական ակնարկ ֆլանյոր կատակերգություն երգիծանք Կոստանդնուպոլիս


  • Նորա Մելքոնյան - ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ «ՔԱՆԴԱԾ ՕՋԱԽ» ԴՐԱՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն Հոդվածի նպատակն է ներկայացնել Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսի գեղարվեստական և գաղափարական արժեքը՝ բացահայտելով, թե ինչպես է հեղինակը իր ստեղծագործությունում համադրում երգիծական և ողբերգական տարրերը՝ ցուցադրելով հասարակական խնդիրներ, սոցիալական անհավասարություն և բարոյական ճգնաժամեր: Նպատակը նաև ծանոթացնել ընթերցողին այն մտադրությանը, որ Սունդուկյանի ստեղծագործությունները բացահայտում են սոցիալական իրականությունը, մղում հասարակությանը ինքնուրույն մտածելու և փոփոխություններ կատարելու:

    Բանալի բառերՍունդուկյան Քանդած օջախ երգիծանք դրամա սոցիալական իրականություն գեղարվեստական արժեք կատակերգություն։


  • ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ - ԶԱՀՐԱՏԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում ուսումնասիրվում է Զահրատի պոեզիայի խորհրդապատկերային համակարգը՝ ուշադրության կենտրոնում ունենալով առօրյա առարկաների, բնության երևույթների, կենդանիների, տարածական պատկերների և գրական-մշակութային հղումների խորհրդանշական գործառույթները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Զահրատի բանաստեղծական աշխարհում հողը, ջուրը, պատը, տունը, հայելին, գունդը, լույսը, երկինքը, կենդանիներն ու կենցաղային առարկաները դուրս են գալիս իրենց ուղղակի նշանակությունից և վերածվում հոգեբանական, գոյաբանական, ազգային ու սոցիալական իմաստներ կրող խորհրդապատկերների։Հատուկ ուշադրություն է դարձվում Զահրատի բանաստեղծական մտածողության «փոքր ձև–մեծ իմաստ» սկզբունքին, որի շնորհիվ կարճ և թվացյալ պարզ տեքստերը ձեռք են բերում իմաստային մեծ խտություն։ Ուսումնասիրվում են նաև ինքնության, ինքնօտարման, հիշողության, կյանքի ու մահվան, ազգային պատկանելիության և սոցիալական անհավասարության թեմաները։Հոդվածում կարևոր տեղ է հատկացվում միջտեքստայնությանը։ Զահրատի ստեղծագործական երկխոսությունը Մաշտոցի, Կոմիտասի, Պետրոս Դուրյանի, Հակոբ Պարոնյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների հետ դիտարկվում է որպես գրական ավանդույթի վերաիմաստավորման և ժամանակակից համատեքստում շարունակականության ապահովման միջոց։ Արդյունքում Զահրատի պոեզիան ներկայացվում է որպես առօրյա իրականությունից դեպի փիլիսոփայական, ազգային և համամարդկային ընդհանրացում տանող ինքնատիպ գեղարվեստական համակարգ։

    Բանալի բառերԶահրատ արևմտահայ պոեզիա խորհրդապատկեր խորհրդապատկերային համակարգ պատկերամտածողություն պոետիկա միջտեքստայնություն ինքնություն ինքնաճանաչում ինքնօտարում հող ջուր պատ տուն հայելի լույս կենդանիների խորհրդաբանություն առարկայական աշխարհ հումոր երգիծանք հումանիզմ ազգային հիշողություն գոյաբանական խնդիրներ գրական ավանդույթ միջարվեստայնություն։