Հասմիկ Հակոբյան - ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԵՏԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ» ՎԵՊՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հայոց պատմական անցյալի և ներկայի քննության, արժևորման, վերաիմաստավորման թեման մշտարդի է և կարևոր տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում հայ գրականության մեջ։ Ի տարբերություն դասական պատմագրության՝ պատմական թեմատիկայով ժամանակակից գրականությունը ոչ թե պարզապես պատմություն է պատմության մասին, այլ քննական անդրադարձ է պատմությանը և պատմագրությանը, որի նպատակը պատմությանը վերլուծաբար ու քննադատաբար մոտենալն է՝ նոր ճշմարտություններ և ներկայի ու ապագայի բանալիներ որոնելու նպատակով։ Նմանատիպ գործերից է Վ․ Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը, որը պետք է քննենք՝ առանցքում ունենալով հետմոդեռնիստական, մասնավորապես Լինդա Հաթչոնի առաջ քաշած պատմագրական մետագեղարվեստականության տեսության սկզբունքները, ժամանակակցի ընկալման տեսանկյունից պատմական անցյալի ներկայացման միտումները։ Լինդա Հաթչոնի «պատմագրական մետագեղարվեստականության» տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատմագրական գեղարվեստական տեքստերը ոչ միայն պատմական իրադարձությունների վերարտադրություն են, այլև ինքնավերլուծության, ինքնության և պատմության վերաիմաստավորման գործընթացներ, որտեղ մետագրականության տեքստի ինքնագիտակցության տարրերը կարևոր դեր են խաղում։ Այս տեսության շրջանակում «Պողոս-Պետրոս»-ը դիտարկվում է որպես պատմական անցյալի գեղարվեստական վերարտադրման մի ձև, որը զուգահեռորեն քննադատում, վերաիմաստավորում և խճողում է պատմական նարատիվները: Վեպի շարադրանքն ինքնին բազմաշերտ ու բազմատարր է․ վիպական տարածքում հեղինակը համատեղել է դասական պատմագրությանը բնորոշ հատվածներ, իսկ երբեմն էլ շարադրանքը ստանում է մոդեռնիստական ու հետմոդեռնիստական հեգնանք, միջտեքստայնություն, պարոդիա տեքստին բնորոշ հատկանիշներ։
Բանալի բառերՎահագն Գրիգորյան Լինդա Հաթչոն հետմոդեռնիզմ պատմագրական մետագեղարվեստականություն միջտեքստայնություն պատմություն մետապատմավեպ
