Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Զարինե Սառաջյան - Արցախը՝ հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոն․ գրականությունից մինչև մանրանկարչություն
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածի նպատակն է բացահայտել ու վերլուծել Արցախի՝ որպես հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոնի նշանակությունը՝ ընդգծելով նրա քրիստոնեական ու հայկական ազգային ինքնությունը, մերժելով մշակութային օտարացման փորձերը և նպաստելով պատմական հիշողության պահպանմանը։ Գրչության, ճարտարապետության, մանրանկարչության, գրականության և արվեստի մյուս ճյուղերի ուղղությամբ Արցախում ստեղծված կոթողները կարևոր դեր են ունեցել հայ մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Հետազոտության խնդիրներն են՝ ուսումնասիրել Արցախի մշակութային ժառանգության որոշ կոթողներ՝ անդրադառնալով գրավոր աղբյուրների վկայություններին, ձեռագրերի և մանրանկարչության նմուշներին, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններին, բացահայտել այդ ժառանգության ոճական առանձնահատկությունները, տեղը և դերը հայկական միջնադարյան արվեստի համատեքստում։ Ուսումնասիրության մեթոդներն են պատմագրական աղբյուրների համադրական և տեքստային վերլուծություն, աղբյուրագիտական, պատմաճարտարապետական և արվեստաբանական մոտեցումները։ Հիմնական եզրակացություններն են, որ Արցախը միջնադարյան Հայաստանում եղել է գրականության, մանրանկարչության և ճարտարապետության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է ինքնատիպ մանրանկարչական դպրոց, ծաղկել է վանքաշինությունը, զարգացել են քանդակագործությունն ու որմնանկարչությունը՝ պահպանելով ազգային առանձնահատկությունները։ Գանձասարը, Դադիվանքը և այլ հուշարձաններ վկայում են մշակութային կյանքի բարձր մակարդակի մասին։ Մատենագիրների վկայությունները հաստատում են Արցախի հայկական և քրիստոնեական ինքնությունը։ Ժամանակակից պայմաններում Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է, ինչը հրատապ է դարձնում դրա գիտական վերարժևորումը, պաշտպանությունը և հանրայնացումը՝ որպես պատմական հիշողության և հայկական ինքնության պահպանման միջոց։

    Բանալի բառերԱրցախ հայ միջնադարյան արվեստ ճարտարապետություն գրականություն մանրանկարչություն պատմական հիշողություն հոգևոր արժեքներ մշակութային ժառանգություն։


  • Լուսինե Վարդանյան - ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑՈՒ ԱՌԱԿՆԵՐԻ ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում վերլուծված են միջնադարյան մատենագիր Վարդան Այգեկցու առակների բակունցյան մշակումները, ինչպես նաև հայոց միջնադարի նրա ընկալումը։ Ակսել Բակունցը թարգմանել է Այգեկցու քառասուն առակ, որոնց գրաբարյան բնագրերի համեմատությունը դրանց աշխարհաբարի փոխարկումներին ցույց է տալիս գրողի չափազանց նուրբ և հետևողական մոտեցումն իր հետապնդած խնդրին։ Առակի ժանրի ընտրությունը ևս Բակունցի նախասիրությունների և փոքր արձակի զարգացումների ուսումնասիրության ծիրում է։ Սա Ակսել Բակունցի վերջին գործն էր լույս է տեսել 1935 թ․, սակայն մինչև հիսունական թվականները լռության է մատնվել նրա դերն Այգեկցու առակների թարգմանության հարցում, իսկ 1956 թ․ լույս է տեսել դրանց աղավաղված տարբերակը։ Այս թեմայի արծարծումն արդիական է թե՛ առակների խոսուն բովանդակության, թե՛ դրանց տրված բակունցյան թարգմանական մեկնության, թե՛ միջնադարի զարգացման օրինաչափություների բակունցյան դիտարկումների տեսանկյունից։ Բայց ամենաէականն առակի ժանրի կենսունակության ընձեռած հնարավորությունն է գրականության քնարական էության բացահայտման առումով, ինչը ևս փորձել ենք իրագործել այս հոդվածում։

    Բանալի բառերՎարդան Այգեկցի առակ միջնադար «Աղվեսագիրք» Ակսել Բակունց։


  • Արա Առաքելյան - ԴԱՆՏԵՆ` ԳԱՂՏՆԱԳԻՐ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում դիտարկվում են խնդիրներ, որոնք կապված են Դանտեի գրական ժառանգության գաղտնագրական և հերմենևտիկ կողմերի հետ, որոնց հանդեպ գիտական հետաքրքրությունը վերջին ժամանակներում օրեցօր աճում է: Դրա վկայությունն են արևմտյան, ռուս և հայ հեղինակների ծավալուն աշխատությունները Ռ. Գվարդինի, Գ. Ռոսետի, Է. Արու, Ա. Ռեգինի, Լ. Վալլի, Բ. Սերխիո, Ռ. Գենոն, Հ. Էդոյան, Լ. Կարսավին, Վ. Նազարով և ուրիշներ:Առաջին հատվածում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ կյանքի բոլոր կողմերի, Աստծու, տիեզերքի և մարդու մասին ամեն ինչ ասելու միտումը պայմանավորում է մեծ բանաստեղծի ժառանգության հանդեպ ոչ միայն հումանիտար, այլև բնական գիտությունների հետաքրքրությունը Գալիլեյ, Ֆլորենսկի, Վայլ և այլք: Դանտեի գաղտնագրությունը դիտարկվում է համակարգայնության հետ՝ այն գնահատելով իբրև համակարգված գաղտնագրություն: Միաժամանակ խորացվում է այն կարծիքը, որ Դանտեն, փաստորեն, փորձում է ստեղծել մի բան, որ դուրս է գրականության ավանդական պատկերացումներից:Երկրորդ հատվածում դիտարկվում են Դանտեի գաղտնագրության առանձնահատկությունները, ընգծվում է այն հանգամանքը, որ գրողի գրական ժառանգությունը ամբողջապես լի է գաղտնագրական տարրերով, որոնք հետևանք են նրա աշխարհայացքի, կյանքի և լեզվամտածողության: Գաղտնագրական իր պատկերացումները նա կյանքի է կոչում խորհրդանիշների միջոցով:Վերջին հատվածի քննարկման նյութը Դանտեի սրբազան պոեմում գաղտնագրական դրսևորումներն են՝ խորհրդանիշները, ոճական առանձին ֆիգուրները և այլն: Խորհրդանիշները մեկնաբանվում են՝ ըստ տիպաբանական խմբերի՝ խորհրդանիշներ, որոնք բնորոշ են ողջ պոեմին, և խորհրդանիշներ, որոնք բնորոշ են պոեմի միայն առանձին հատվածներին: Հետևելով Դանտեի խորհրդին՝ ուշադրություն է դարձվում հատկապես խորհրդանիշների չորրորդ՝ այլաբանական մետաֆիզիկ իմաստներին:

    Բանալի բառերԳաղտնագրություն համակարգայնություն լեզվամտածողություն էլիտար բանաստեղծություն միջնադարյան կրոնամիստիկական միաբանություններ խորհրդանիշ տառացի իմաստ այլաբանական իմաստ