Զարինե Սառաջյան - Արցախը՝ հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոն․ գրականությունից մինչև մանրանկարչություն
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածի նպատակն է բացահայտել ու վերլուծել Արցախի՝ որպես հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոնի նշանակությունը՝ ընդգծելով նրա քրիստոնեական ու հայկական ազգային ինքնությունը, մերժելով մշակութային օտարացման փորձերը և նպաստելով պատմական հիշողության պահպանմանը։ Գրչության, ճարտարապետության, մանրանկարչության, գրականության և արվեստի մյուս ճյուղերի ուղղությամբ Արցախում ստեղծված կոթողները կարևոր դեր են ունեցել հայ մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Հետազոտության խնդիրներն են՝ ուսումնասիրել Արցախի մշակութային ժառանգության որոշ կոթողներ՝ անդրադառնալով գրավոր աղբյուրների վկայություններին, ձեռագրերի և մանրանկարչության նմուշներին, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններին, բացահայտել այդ ժառանգության ոճական առանձնահատկությունները, տեղը և դերը հայկական միջնադարյան արվեստի համատեքստում։ Ուսումնասիրության մեթոդներն են պատմագրական աղբյուրների համադրական և տեքստային վերլուծություն, աղբյուրագիտական, պատմաճարտարապետական և արվեստաբանական մոտեցումները։ Հիմնական եզրակացություններն են, որ Արցախը միջնադարյան Հայաստանում եղել է գրականության, մանրանկարչության և ճարտարապետության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է ինքնատիպ մանրանկարչական դպրոց, ծաղկել է վանքաշինությունը, զարգացել են քանդակագործությունն ու որմնանկարչությունը՝ պահպանելով ազգային առանձնահատկությունները։ Գանձասարը, Դադիվանքը և այլ հուշարձաններ վկայում են մշակութային կյանքի բարձր մակարդակի մասին։ Մատենագիրների վկայությունները հաստատում են Արցախի հայկական և քրիստոնեական ինքնությունը։ Ժամանակակից պայմաններում Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է, ինչը հրատապ է դարձնում դրա գիտական վերարժևորումը, պաշտպանությունը և հանրայնացումը՝ որպես պատմական հիշողության և հայկական ինքնության պահպանման միջոց։
Բանալի բառերԱրցախ հայ միջնադարյան արվեստ ճարտարապետություն գրականություն մանրանկարչություն պատմական հիշողություն հոգևոր արժեքներ մշակութային ժառանգություն։
Միհրան Հովհաննիսյան - ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ՏԱԳՆԱՊԱԳԻՐԸ
Լեզուն՝
Հայերեն
Դավիթ Հովհաննեսի ութնյակաշարը հայ գրականության այն եզակի գործերից է, որտեղ բանաստեղծական խոսքը միաժամանակ ստանում է ժամանակագրական, գեղարվեստական և վավերագրական գործառույթ։ Խորհրդային համակարգի ավարտի, Վերակառուցման շրջանի կեղծ ազատությունների և կարգերի քայքայման մթնոլորտում այս ութնյակները ոչ միայն արձանագրում են պատմական ընթացքը, այլև բացահայտում են այդ պատմության ներսում ապրող մարդու հոգեբանական, բարոյական ու գոյաբանական ճգնաժամը։Բանաստեղծի համար 1980–1990-ական թվականների անցումը պարզապես քաղաքական շրջադարձ չէ. դա քաղաքակրթական ճեղքում է, որի արդյունքը լինում է այն, որ հանրային գիտակցությունը կորցնում է նախկին հենարանները՝ մտնելով ճգնաժամային, հաճախ մղձավանջային տարածքներ։ Ութնյակներում գրանցվող «արմատախիլ փլուզումի» զգացումը ոչ միայն վերաբերում է մի ժամանակաշրջանի ավարտին, այլ նաև արժեքային համակարգի, անձի ինքնության կորստին։ Այդ պատճառով «Քրոնիկոնը» ընթերցվում է որպես ներքին և արտաքին աշխարհի զուգահեռ փլուզման քարտեզ, որտեղ բանաստեղծական խոսքը դառնում է բարոյական դիմադրության վերջին ձևերից մեկը։Այս շարքում արժանի ուշադրություն է գրավում լեզվի խտությունը. պատմական իրադարձությունները փոխանցված չեն որպես պարզ արձանագրություն, այլ որպես գիտակցության շարժում՝ երբեմն սուր հեգնանքով, երբեմն՝ ողբերգական լռությամբ, երբեմն՝ սթափ փաստականությամբ։ Բանաստեղծին հաջողվում է նույն տողի մեջ միավորել քաղաքական պատմությունը, քաղաքացիական հիասթափությունը և անհատի ներքին տագնապը՝ ձևավորելով այն, ինչ կարելի է համարել պոետական ժամանակագրության ինքնատիպ ժանր։
Բանալի բառերժամանակի վավերագրում քրոնիկոն գիտակցության հոսք «ամենաքանդ» իրականություն Արցախյան շարժում նոր կարգերի սկզբնավորում պատվի սիմվոլ չունեցող նորօրյա իշխանավոր։
