Զարինե Սառաջյան - Արցախը՝ հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոն․ գրականությունից մինչև մանրանկարչություն
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածի նպատակն է բացահայտել ու վերլուծել Արցախի՝ որպես հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոնի նշանակությունը՝ ընդգծելով նրա քրիստոնեական ու հայկական ազգային ինքնությունը, մերժելով մշակութային օտարացման փորձերը և նպաստելով պատմական հիշողության պահպանմանը։ Գրչության, ճարտարապետության, մանրանկարչության, գրականության և արվեստի մյուս ճյուղերի ուղղությամբ Արցախում ստեղծված կոթողները կարևոր դեր են ունեցել հայ մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Հետազոտության խնդիրներն են՝ ուսումնասիրել Արցախի մշակութային ժառանգության որոշ կոթողներ՝ անդրադառնալով գրավոր աղբյուրների վկայություններին, ձեռագրերի և մանրանկարչության նմուշներին, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններին, բացահայտել այդ ժառանգության ոճական առանձնահատկությունները, տեղը և դերը հայկական միջնադարյան արվեստի համատեքստում։ Ուսումնասիրության մեթոդներն են պատմագրական աղբյուրների համադրական և տեքստային վերլուծություն, աղբյուրագիտական, պատմաճարտարապետական և արվեստաբանական մոտեցումները։ Հիմնական եզրակացություններն են, որ Արցախը միջնադարյան Հայաստանում եղել է գրականության, մանրանկարչության և ճարտարապետության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է ինքնատիպ մանրանկարչական դպրոց, ծաղկել է վանքաշինությունը, զարգացել են քանդակագործությունն ու որմնանկարչությունը՝ պահպանելով ազգային առանձնահատկությունները։ Գանձասարը, Դադիվանքը և այլ հուշարձաններ վկայում են մշակութային կյանքի բարձր մակարդակի մասին։ Մատենագիրների վկայությունները հաստատում են Արցախի հայկական և քրիստոնեական ինքնությունը։ Ժամանակակից պայմաններում Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է, ինչը հրատապ է դարձնում դրա գիտական վերարժևորումը, պաշտպանությունը և հանրայնացումը՝ որպես պատմական հիշողության և հայկական ինքնության պահպանման միջոց։
Բանալի բառերԱրցախ հայ միջնադարյան արվեստ ճարտարապետություն գրականություն մանրանկարչություն պատմական հիշողություն հոգևոր արժեքներ մշակութային ժառանգություն։
