Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Սոնա Ալավերդյան - ՇՐՋԱՆԱԿՄԱՆ ՀՆԱՐԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածն ուսումնասիրում է Գ. Խանջյանի «Հիվանդանոց» վեպը՝ կարևորելով ինքնության ճգնաժամի, որոնման և նոր ինքնության կառուցարկման հարցերի արծարծման համար շրջանակման հնարի կիրառման առանձնահատկությունները: Ստեղծագործության կառուցվածքային վերլուծությամբ ցույց է տրվում, որ վեպը ծավալվում է հորիզոնական դասավորությամբ պատումային երեք շրջանակների աստիճանական շղթայական կառուցմամբ, և պատումներից յուրաքանչյուրն իր հերթին ընդգրկում է ուղղահայաց դասավորությամբ պատումային այլ շրջանակներ: Պոստմոդեռնիզմի տեսության հիման վրա հոդվածն այն տեսակետն է առաջ քաշում, որ վեպում շրջանակման հնարը դառնում է այն միջոցը, որը պատմողին թույլ է տալիս հասարակական ու պատմաքաղաքական փոփոխություններն ընկալելու նպատակով ապակառուցարկելու իրականությունը և միկրոաշխարհների առանձնացմամբ հակադրելու խորհրդային հիվանդանոցային և հետխորհրդային հետհիվանդանոցային ժամանակաշրջանները: Ավելին՝ հոդվածը պնդում է, որ շրջանակման հնարը երկու աշխարհների սահմանագծին կանգնած հերոսի համար ծառայում է որպես ճանաչողական փրկօղակ, որը նա օգտագործում է՝ խճճված, քաոսային իրադրության մեջ չխելագարվելու նպատակով իրերն ու երևույթները միմյանից բաժանելու և հետագայում սեփական կյանքի տարբեր կողմերը վերակազմավորելու ու կարգաբերելու համար: Այնուամենայնիվ, ստեղծագործության մանրամասն վերլուծությամբ եզրակացվում է, որ պատմողի ջանքերը այդպես էլ չեն տալիս շոշափելի այն արդյունքը, որին նա ձգտում է վիպական տիրույթում:

    Բանալի բառերԳ. Խանջյան «Հիվանդանոց» հետխորհրդային Հայաստան ինքնության որոնում շրջանակված արձակ շրջանակման հնար պատումային մակարդակներ դիեգեսիս մետադիեգեսիս պատումի գործառույթ:


  • Զարինե Սառաջյան - Արցախը՝ հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոն․ գրականությունից մինչև մանրանկարչություն
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածի նպատակն է բացահայտել ու վերլուծել Արցախի՝ որպես հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոնի նշանակությունը՝ ընդգծելով նրա քրիստոնեական ու հայկական ազգային ինքնությունը, մերժելով մշակութային օտարացման փորձերը և նպաստելով պատմական հիշողության պահպանմանը։ Գրչության, ճարտարապետության, մանրանկարչության, գրականության և արվեստի մյուս ճյուղերի ուղղությամբ Արցախում ստեղծված կոթողները կարևոր դեր են ունեցել հայ մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Հետազոտության խնդիրներն են՝ ուսումնասիրել Արցախի մշակութային ժառանգության որոշ կոթողներ՝ անդրադառնալով գրավոր աղբյուրների վկայություններին, ձեռագրերի և մանրանկարչության նմուշներին, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններին, բացահայտել այդ ժառանգության ոճական առանձնահատկությունները, տեղը և դերը հայկական միջնադարյան արվեստի համատեքստում։ Ուսումնասիրության մեթոդներն են պատմագրական աղբյուրների համադրական և տեքստային վերլուծություն, աղբյուրագիտական, պատմաճարտարապետական և արվեստաբանական մոտեցումները։ Հիմնական եզրակացություններն են, որ Արցախը միջնադարյան Հայաստանում եղել է գրականության, մանրանկարչության և ճարտարապետության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է ինքնատիպ մանրանկարչական դպրոց, ծաղկել է վանքաշինությունը, զարգացել են քանդակագործությունն ու որմնանկարչությունը՝ պահպանելով ազգային առանձնահատկությունները։ Գանձասարը, Դադիվանքը և այլ հուշարձաններ վկայում են մշակութային կյանքի բարձր մակարդակի մասին։ Մատենագիրների վկայությունները հաստատում են Արցախի հայկական և քրիստոնեական ինքնությունը։ Ժամանակակից պայմաններում Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է, ինչը հրատապ է դարձնում դրա գիտական վերարժևորումը, պաշտպանությունը և հանրայնացումը՝ որպես պատմական հիշողության և հայկական ինքնության պահպանման միջոց։

    Բանալի բառերԱրցախ հայ միջնադարյան արվեստ ճարտարապետություն գրականություն մանրանկարչություն պատմական հիշողություն հոգևոր արժեքներ մշակութային ժառանգություն։


  • Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ՝ Էլյուար, Արագոն, Ապոլիներ, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածք։ Հայ բանաստեղծները, թեև ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով իրենց մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։

    Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան ժամանակակից հայ գրականություն սեր հիշողություն երազ լեզվի ազատություն ավանգարդ բանաստեղծական համաձուլվածք


  • Սուրեն Աբրահամյան - ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ ՎԻՊԱԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Գուրգեն Խանջյանի վիպագրական արձակը նոր` 21-րդ դարասկզբին ոչ միայն գեղարվեստական վերելքի շրջան է գծում հայ արձակում, այլև ձևավորում է աշխարհայացքի, պոետիկայի նոր ըմբռնում: Դրա վկայությունն են 21-րդ դարի երկու տասնամյակներին հեղինակի հրապարակած «Լուր չկա» 2006, «Ենոքի աչքը» 2012 և, առանձնապես, «Տու´ր ձեռքդ, պստլո´» 2017 վեպերը, որոնք թեմատիկ և գեղարվեստական ամբողջական համակարգի մասեր են: Ահա ինչու թեմատիկ և աշխարհայացքային միասնության «ներսում» են քննվում Խանջյանի վեպերի գրապատմական նշանակությունը, աշխարհայացքի և պոետիկայի նորությունը:Գուրգեն Խանջյանի վիպագրական արձակի գրական արժեքը` վերլուծական եղանակով, իր ամբողջության մեջ, առաջին անգամ է դառնում քննության նյութ, ինչն ինքնին նորություն է մեր գրականագիտության մեջ:

    Բանալի բառեր Գուրգեն Խանջյան հայ արձակ քննադատություն 21-րդ դարասկզբ աշխարհայացք պոետիկա ներաշխարհ


  • Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ Էլյուարը, Արագոնը, Ապոլիները, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածություն։ Հայ բանաստեղծները՝ ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով ազգային մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։

    Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան սիմվոլիզմ սյուրռեալիստներ ազգային շեշտադրումներ


  • Մարիամ Մելքոնյան - ՍԱԲԻՐ ՌՈՒՍԹԱՄԽԱՆԼԸՅԻ «ՎԵՐԱԴԱՐՁ ՂԱՐԱԲԱՂ» ՊՈԵՄՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿԵՐՊԱՐԻ ԱՊԱՄԱՐԴԿԱՅՆԱՑՄԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում քննության է առնվում ադրբեջանցի բանաստեղծ Սաբիր Ռուսթամխանլըյի ՝ 2020 թ. դեկտեմբերի 24-ին հրապարակված «Վերադարձ Ղարաբաղ» «Qarabağa dönüş» պոեմում հայերի կերպարի կառուցման առանձնահատկությունները։ Ուսումնասիրության նպատակը պոեմի այն լեզվական, փոխաբերական և սյուժետային միջոցների համակարգումն է, որոնց միջոցով ռազմական հակառակորդի պատկերը ընդլայնվում է մինչև էթնիկ ամբողջության և կրոնական հանրության ապամարդկայնացված կերպարի։ Կիրառվել են մոտ ընթերցման close reading, քննադատական դիսկուրսի վերլուծության և ընկալման մեթոդները։ Տեսական հենքը կազմել են հոգեբան, պրոֆեսոր Նիք Հասլամի կենդանական և մեխանիկական ապամարդկայնացման տարբերակումը, սոցիալական հոգեբան Սյուզան Օփոթոուի բարոյական բացառման, սոցիալական հոգեբան Ալբերտ Բանդուրայի բարոյական ինքնաազատման և լեզվաբան Թեուն վան Դեյքի «մենք/նրանք» գաղափարական բևեռացման մոտեցումները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ պոեմում գերակշռում են կենդանացումը, դիվայնացումը, հավաքական մեղավորության վերագրումը, մարդկային մարմնի կենդանականացման ու զանգվածայնացման բառապաշարը, հակառակորդի ձայնի ու անհատականության ջնջումը, ինչպես նաև տարածքի «աղտոտում–մաքրում» հակադրության պատկերային սխեման։ Այս մեխանիզմները կառուցվածքային ամբողջություն են կազմում ադրբեջանցի զինվորի սակրալ-հերոսական գերարժևորման հետ։ Հոդվածի առանձին արդյունքն այն է, որ հետպատերազմյան ադրբեջանական գրականագիտական, ակադեմիական արձագանքներից հիմնական մասը ոչ միայն չեն խնդրականացնում կամ քննադատում տվյալ լեզուն, այլև ավելին՝ այն վերարտադրում են «հայկական ազգային հիվանդություն», «հայկական բնույթ» և «մարդկությունից հեռու արարած» ոչ ակադեմիական ձևակերպումներով։

    Բանալի բառերՍաբիր Ռուսթամխանլը Ղարաբաղյան պատերազմ հայերի կերպար ապամարդկայնացում թշնամու կերպար ադրբեջանական գրականություն քննադատական դիսկուրս


  • Նառա Սարգսյան - ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԵՎ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը նվիրված է Սիամանթոյի և Վահան Տերյանի ստեղծագործությունների համադրական ուսումնասիրությանը՝ ազգային ճակատագրի, պատմական հիշողության, հոգևոր հայրենիքի և ազգային ինքնության թեմաների տեսանկյունից։ Վերլուծվում են երկու բանաստեղծների գեղարվեստական աշխարհների ընդհանրություններն ու տարբերությունները, բացահայտվում է նրանց գաղափարական հարազատությունը ազգային ողբերգության և հոգևոր դիմադրության ընկալման հարցում։ Ցույց է տրվում, որ Սիամանթոն ազգային ճակատագիրը պատկերում է հերոսական - ողբերգական տեսանկյունից՝ շեշտադրելով պայքարի, հավաքականության և վերածնության գաղափարները, մինչդեռ Տերյանը նույն խնդիրը ներկայացնում է ներաշխարհի, հիշողության և հոգևոր փորձառության հարթության վրա։ Ուսումնասիրությունը փաստում է, որ երկու հեղինակների ստեղծագործություններում հայրենիքը վերածվում է ոչ միայն աշխարհագրական, այլև հոգևոր և մշակութային տարածքի, իսկ ազգային ողբերգությունը ձեռք է բերում համամարդկային հնչեղություն։

    Բանալի բառերՍիամանթո Վահան Տերյան Երկիր Նաիրի ազգային ճակատագիր ինքնություն պատմական հայրենիք հոգևոր հայրենիք դիմադրություն վերածնություն: